Լրացուցիչ Փաստաթղթեր
Քանի որ յուրաքանչյուր դիմողի դեպքը առանձնահատուկ է, որևէ առանձին փաստաթուղթ չի կարող երաշխավորել արտոնագրի տրամադրումը: Բացի այդ, հարցազրույցի արդյունքը հազվադեպ է պայմանավորված լինում ներկայացված փաստաթղթերով: ԱՄՆ օրենսդրությամբ պահանջվում է, որ նախքան արտոնագրի տրամադրումը, Միացյալ Նահանգներ ուղևորվելու մտադրություն ունեցող անձը պետք է հիմնավորի իր այցի նպատակն ու օրինականությունը և ցույց տա, որ մտադիր չէ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում:
Ցանկացած փաստաթուղթ կամ հիմնավորում առ այն, որ դիմողն ունի ամուր տնտեսական, ընտանեկան, գործնական ու սոցիալական կապեր իր բնակության երկրի հետ, կարող է օգտակար լինել: Այս կարգի փաստաթղթերն ըստ արտոնագրերի առանձին տեսակների թվարկվում են ստորև: Այս փաստաթղթերը պայմանավորված են արտոնագրի տեսակով ու ներկայացվող ցանկերը չեն համարվում ամբողջական ու ընդգրկուն: Դիմողն իր հայեցողությամբ կարող է ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որն իր կարծիքով անհրաժեշտ է ԱՄՆ-ից դուրս իր կապերը ցույց տալու կամ այցելության նպատակը ներկայացնելու համար:
Գործարար կամ զբոսաշրջության արտոնագրեր
Գործարար կամ զբոսաշրջության արտոնագրի համար դիմելիս մենք խորհուրդ ենք տալիս անպայմանորեն ներկայացնել Ձեր արտոնագրի դիմումի հետ կապված հավելյալ հիմնավորող փաստաթղթեր, ինչպիսիք են`
- դիմողի ընտանիքի անդամների անձնագրերը
- ամուսնության վկայականը (կնոջ/ամուսնու դիմումի դեպքում) և ծննդյան վկայականները (երեխաների կամ ընտանիքի դիմումի դեպքում)
- տեղեկանք աշխատավարձի չափի վերաբերյալ
- հրավերք ԱՄՆ-ի գործընկերներից
- քաղվածքներ բանկային հաշիվներից
- սեփականության փաստաթղթեր
- գործող գրանցված ձեռնարկության ու վերջին հարկային վճարումների վերաբերյալ փաստաթղթեր (սեփական բիզնես ունեցողների համար)
- տեղեկանք դպրոցից/բուհից, առաջադիմության թերթիկ/գրքույկ (ուսանողների/աշակերտների համար) և այլն:
Այցելուների արտոնագրերի, պահանջվող ու լրացուցիչ փաստաթղթերի մասին, արտոնագրերի դիմումների մերժումների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://travel.state.gov/visa/temp/types/types_1262.html կայքէջը և/կամ http://www.unitedstatesvisas.gov կայքը:
Ուղևորություն բուժման նպատակով
Բուժման նպատակով Միացյալ Նահանգներ ուղևորվող դիմորդները պետք է բավարարեն ոչ-ներգաղթային արտոնագրի համար սահմանված որակավորման չափանիշներին: Բուժման հետ կապված ուղևորության մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/visa/temp/types/types_1262.html#10a կայքէջը:
Ուսանողական արտոնագրեր
- I-20 ձևը
- SEVIS-ի (ուսանողական ու փոխանակման ծրագրերի տեղեկատվական համակարգի) միջնորդավճարի կատարումը փաստող ստացական: Եթե արտոնագրի հարցազրույցի ժամանակ այս գումարը վճարված չէ, ապա դիմողը արտոնագիր չի կարող ստանալ: Հիշեք` SEVIS –ի միջնորդավճարը պետք է վճարվի նախքան հարցազրույցը: Վճարման կարգին ծանոթանալու համար այցելեք http://www.ice.gov/sevis/ կայքէջը
- դիմորդի ընտանիքի անդամների անձնագրերը
- ուսման ու բնակության ծախսերը հոգալու կարողությունը հաստատող փաստաթղթեր, այսինքն կրթաթոշակի նշանակման մասին գրություն, բանկային հաշվի քաղվածքներ, ստացականներ դպրոցից/բուհից և այլն
- խնամքի տակ գտնվողի համար նախատեսված F-2 տեսակի արտոնագրի համար դիմորդները (F-1 վիզայի համար դիմածի կին/ամուսին կամ երեխաներ) պետք է ներկայացնեն F-1-ի համար դիմած կամ մուտքի արտոնագիր ունեցող անձի հետ իրենց ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ:
F-1 տեսակի արտոնագրերի մասին մանրամասներ կարող եք գտնել այցելելով http://travel.state.gov/visa/temp/types/types_1268.html կայքէջը:
Ժամանակավոր աշխատողներ
Ոչ-ներգաղթային ժամանակավոր աշխատողները (H, L, O, P, և R տեսակի արտոնագրեր) նույնպես պետք է հերթագրվեն հարցազրույցի համար և յուրաքանչյուր երկուշաբթի հարցաթերթիկի լրացման հաստատումը (conformation page), լրացուցիչ փաստաթղթերը, Հայէկոնոմբանկի վերադարձման ոչ ենթակա վճարման գումարի երկու կտրոնները և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ժամը 14:00-ից մինչ 16:00 հանձնեն հյուպատոսական ծառայության երրորդ պատուհանին և ներկայանան հարցազրույցի յուրաքանչյուր ուրբաթ իրենց կողմից նշանակված հարցազրույցի ժամին: Եթե չեք կարողանում հարցազրույցի օր նշանակել ուրբաթ օրվա համար, ապա հերթագրվեք մոտակա օրվա համար և երկուշաբթի օրը, Ձեր փաստաթղթերը հանձնելու ընթացքում այդ մասին զգուշացրեք հյուպատոսարանի աշխատակցին, ով ընդունում է Ձեր գործերը, որպեսզի Ձեր հարցազրույցի օրը փոխվի և նշանակվի ուրբաթ:
- I-797 ձևի բնօրինակը` միջնորդագրի հաստատման ծանուցման մասին
- հաստատման համար USCIS ուղարկված հայցվորի դիմումի վավերացված պատճեն
- ԱՄՆ-ում դիմորդի աշխատանքային գործունեությունը բացատրող հրավերքը
- համապատասխան կրթության/որակավորման վերաբերյալ ապացույցներ
- ամերիկյան ընկերության հետ աշխատանքային համաձայնագրի/պայմանագրի պատճեն
- տեղեկություններ ամերիկյան ընկերության վերաբերյալ ներառյալ ընկերության ճիշտ անվանումը, կապ հաստատելու միջոցները, հասցեն, կայքէջի հասցեն, դիմորդի ապագա ղեկավարի տվյալները
- հիմնական դիմորդի հետ բարեկամական կապով կապված անձանց վերաբերյալ ապացույցներ:
Ժամանակավոր աշխատանքային արտոնագրերի մասին մանրամասներ կարող եք գտնել` այցելելով http://travel.state.gov/visa/temp/types/types_1271.html կայքէջը:
Խմբերով դիմելու կարգը
Ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմող հինգ և ավելի անձանցից բաղկացած խմբի անդամների համար (բացառությամբ ընտանիքի անդամների) պետք է առցանց/օնլայն եղանակով հերթագրել հարցազրույցի օր և նախատեսվող մեկնման օրից մոտավորապես չորս շաբաթ առաջ գործերը հանձնել հյուպատոսական բաժին` աշխատանքային ցանկացած օր, բացի երեքշաբթի և հինգշաբթի օրերից, ժամը 14:00-ին: Խմբի ղեկավարը պետք է հյուպատոսական բաժին ներկայացնի դիմումների լրացման հաստատումները (conformation page), անձնագրերի պատճենները, բանկի վճարման կտրոնները, նամակ/հրավեր խմբի այցելության նպատակի մասին և խմբի անդամների ցուցակը: Խնդրում ենք, խմբի ղեկավարի համար հյուպատոսական բաժին մուտքի թույլտվություն ստանալու համար էլեկտրոնային փոստի consyerevan@state.gov հասցեով նամակ ուղարկել մեզ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ցանկացած անձի կամ մի խումբ անձանց կողմից տրված երաշխավորումներն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու վերաբերյալ կեղծ են: Ցանկացած անձ, ով կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկատվություն կներկայացնի դեսպանատուն, նա մշտապես կզրկվի ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու իրավունքից: Արտոնագրեր ստանալու անհամապատասխանելիության վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/visa/frvi/ineligibilities/ineligibilities_1364.html կայքէջը: